AM
13 June 2003 - 15:13 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՃԱՆԱՉՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՆՄԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ , ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ

Թուրքական կառավարությունը ցանկանում է հասնել ԱՄՆ հայ համայնքի հայացքների առավել ըմբռնմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Էջեւիթ Թեզկանը` հունիսի 11-ին Նյու Յորքում կայացած Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ հայկական կողմը համաձայնվել էր հանդիպմանը միակ պայմանով` որ օրակարգում կընդգրկվեն հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայում հայ համայնքի հետապնդման, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Համաձայն ԱՀՀ տեղեկատվության, Համագումարի անդամները հանդիպմանը ներկայացրել են իրենց դիրքորոշումը բոլոր չորս հարցերի առնչությամբ, մասնավորապես, նշելով, որ Անկարայի կողմից հայոց ցեղասպանության մշտապես հերքումը հնարավորություն է ստեղծում ուրիշների կողմից նման հանցագործությունների կատարման համար: Նրանք հաղորդել են ողջ հայության միաբան կարծիքը, որ Թուրքիան չպետք է անտեսի հայոց ցեղասպանության հարցը: «Մենք ոչ մի բեկումնային սպասելիք չունեինք այդ հանիպմումից: Սակայն կարծում եմ, որ այն կխանգարի Թուրքիայի բարեկամներին այսուհետ կտրուկ ելույթներ ունենալ Կապիթոլիյում հայկական հարցերի քննարկման դեմ», – ասել է ԱՀՀ վարչության նախագահ Պիտեր Ոսբիկյանը: