Մարտի 20-ին եւ 21-ին արագ շախմատի եւ կույր շախմատի «Ամբեր» շախմատային փառատոնում, որն ընթանում է Նիցցայում (Ֆրանսիա), տեղի են ունեցել 7-րդ եւ 8-րդ փուլերը:
7-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ եւ խաղացել ոչ ոքի: Զիջելով կույր շախմատի պարտիայում` Արոնյանը հաղթանակ է տարել արագ շախմատում:
8-րդ փուլում Արոնյանը խաղացել է Բորիս Գելֆանդի հետ (Իսրայել), եւ երկու պարտիաների արդյունքում շախմատիստները ոչ ոքի են խաղացել` 1:1:
8 փուլերից հետո հայ շախմատիստը 7 միավորներով զբաղեցնում է 9-րդ տեղը: Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 11 միավորներով առաջին տեղում է: Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ:
Մարտի 23-ին տեղի է ունենալու 9-րդ փուլը, եւ Արոնյանը հանդիպելու է Ռուսլան Պոնոմարյովի հետ (Ուկրաինա):
Արագ շախմատը (ռապիդ) շախմատային պարտիա է մտածելու ժամանակի սահմանափակմամբ (որպես կանոն, ողջ պարտիայի համար յուրաքանչյուրին 15 րոպե):
Կույր շախմատը շախմատի տարբերակ է, որում խաղացողը խաղում է առանց խաղատախտակին նայելու, այսինքն` «կույր»: Եթե երկու խաղացողն էլ խաղում են առանց խաղատախտակին նայելու, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը ֆիգուրներն է տեղափոխում կամ գրանցում քայլերը: