AM
24 March 2010 - 07:08 AMT

Լեւոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարում ոչ ոքի է խաղացել Ռուսլան Պոնոմարյովի հետ

Մարտի 23-ին արագ շախմատի եւ կույր շախմատի «Ամբեր» մրցաշարում, որը տեղի է ունենում Նիցցայում, ընթացել է 9-րդ փուլը

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 9-րդ փուլում խաղացել է Ռուսլան Պոնոմարյովի հետ (Ուկրաինա): Շախմատիստները կիսել են միավորները, կույր շախմատի պարտիայում հաղթել է Պոնոմարյյովը, արագ շախմատում` Արոնյանը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

9 փուլերից հետո Արոնյանը 8 միավորներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը: Առաջին տեղում 12 միավորով Վասիլի Իվանչուկն է:

Նախավերջին 10-րդ փուլում Արոնյանը մարտի 24-ին խաղալու է Ալեքանդր Գրիշչուկի հետ (Ռուսաստան):

Արագ շախմատը (ռապիդ) շախմատային պարտիա է մտածելու ժամանակի սահմանափակմամբ (որպես կանոն, յուրաքանչյուր խաղացողին 15 րոպե):

Կույր շախմատը շախմատի տարբերակ է, որում խաղացողը խաղում է առանց խաղատախտակին նայելու, այսինքն` «կույր»: Եթե երկու խաղացողն էլ չեն նայում խաղատախտակին, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը տեղափոխում է ֆիգուրները եւ գրանցում քայլերը: