AM
24 March 2010 - 09:43 AMT

Հենրիկ Մխիթարյանը ցանկանում է դառնալ Ուկրաինայի գավաթի հաղթող

Մարտի 24-ին Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի գավաթի 1/2 եզրափակչում խաղալու է Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Մինչեւ խաղը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն ասաց, որ խաղը շատ կարեւոր է թիմի եւ նրա համար: «Անցյալ տարի ես «Փյունիկի» կազմում դարձել եմ Հայաստանի գավաթակիր: Ինչու նույնը չկրկնել Ուկրաինայում: Ուկրաինայում դա նվաճելն ավելի բարդ է եւ պատվավոր»,- մեջբերում է Մխիթարյանի խոսքերը ua.football.com-ը:

Մխիթարյանն ուրախ է, որ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն առանձնացրել է նրա խաղը Ուկրաինայի առաջնության 19-րդ փուլի կենտրոնական խաղից հետո, որում կրկին մրցել են դոնեցկյան թիմերը: «Ինձ թվում էր, որ ես «Շախտյորի» հետ իմ լավագույն խաղը չեմ անցկացրել: Կարող եմ ավելի լավ խաղալ: Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա մենք ավելի մոտիվացված կլինենք, քան «Շախտյորը»: Նրանք արդեն շատ անգամ դուրս են եկել եզրափակիչ եւ հաղթել են, մեզ այդպիսի հնարավորություն կարող է ընձեռվել ոչ շուտ»,- ասել է հայ ֆուտբոլիստը: