ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում ամերիկյան զորքերի եւ ռազմակայանների տեղակայում Ադրբեջանի տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Էխո» թերթին է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը: Նրա խոսքերով, դեռեւս Իրաքում պատերազմի սկսելուց շատ առաջ զինված ուժերի պլանավորման ամերիկյան կառույցները քննարկել են այն վայրերում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը, որտեղ հնարավոր է ընդհարում XXI դարի տարբեր սպառնալիքների հետ: «Սառը պատերազմի» ժամանակներից, նշել է Ռ.Ուիլսոնը, շուրջ 60 հազար կազմող ամերիկյան զորամասը մնում է ԳԴՀ-ում եւ մոտ 100 հազարը` Արեւմտյան Եվրոպայի այլ մասերում: «Սակայն վերջնական որոշում այն մասին, թե որտեղ մենք կկարողանայինք տեղակայել այդ զորքերը, առայժմ չի կայացվել: Ես կարող եմ ձեզ հստակորեն ասել, որ մենք առայժմ ծրագրեր չունենք ամերիկյան զորքերը եւ ռազմակայններն Ադրբեջանում տեղակայելու առնչությամբ», – նշել է դեսպանը: