TED խորհրդաժողովների շնորհանդեսների տեսագրությունները թարգմանվում են հայերեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում TEDx խորհրդաժողովի համակարգող Քրիստինա Սարգսյանը: Նրա խոսքերով, այսօր TED պաշտոնական կայքում տեղադրված են երեք տեսահոլովակներ հայկական տիտրերով, սակայն թարգմանության գործընթացն ակտիվացնելու համար պահանջվում են կամավորներ: «Այսօր մենք երեքն ենք, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել թարգմանության գործում: Բացի դրանից, մենք մտադիր ենք այցելել Հայաստանի ուսումնական հաստատություններ, երիտասարդներին պատմել TED խորհրդաժողովների մասին եւ ընդգրկել նրանց այդ աշխատանքի մեջ: Կարեւոր է TED-ի տարածած տեղեկատվությունը հասցնել Հայաստանում ապրող այն մարդկանց, ովքեր չեն տիրապետում անգլերենին»,- ասել է Քրիստինա Սարգսյանը:
TED (TechnologyEntertainmentDesign-Տեխնոլոգիաներ, Զվարճանքներ, Դիզայն) մասնավոր ոչ կոմերցիոն հիմնադրամ է ԱՄՆ-ում: 1984-ից սկսած TED-ն անցկացնում է ամենամյա խորհրդաժողովներ, որոնք մի բեմում հավաքում են գիտնականների, քաղաքագետների, գործարարների, նկարիչների, երաժիշտների, ինժեներների եւ այլն: Շնորհանդեսների տեսագրությունները տեղադրված են հիմնադրամի պաշտոնական կայքում: TED դասախոսներից են ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, նոբելյան մրցանանկիրներ Ջեյմս Ուոտսոնը եւ Մյուրեյ Գելլ-Մաննը, Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, Google -ի հիմնադիրներ Լարրի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը: