AM
17 Մարտ 2010 - 12:07 AMT

Սերգեյ Մինասյան. «Բեռնար Ֆասիեն ընդամենը հայտարարել է Բաքվի ռազմատենչ սպառնալիքների անհեռանկարայնության մասին»

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերը ղարաբաղցի ռազմիկների մարտունակության մասին, նաեւ այն մասին, որ Ադրբեջանը չի կարող հաղթել Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում, մեծ հակազդեցություն են առաջացրել Բաքվում: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցի ընթացքում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով, ֆրանսիացի միջնորդի խոսքերի պատճառով Ադրբեջանում առաջացած նեւրոզային հակազդեցությունը պայմանավորված է 2-3 գործոնով. «Առաջին` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հերթականությունը նախ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ապա Շվեդիայի խորհրդարանում, ցույց տվեց միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի ունեցած նշանակությունը: Երկրորդ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում մեկ անգամ եւս հաստատվեց, որ հայ-թուրքական գործընթացում ԱՄՆ-ն, ԵՄ-ն ի դեմս Ֆրանսիայի, եւ Ռուսաստանը ցուցադրաբար աջակցում են Հայաստանին, եւ, որ գերտերությունները մեծ գիտակցումով են վերաբերվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումներին այս հարցում», – ընդգծել է Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նշել է, որ Բեռնար Ֆասիեի խոսքերն այս գործոնների արտացոլանքն են: Բացի այդ, ֆրանսիացի դիվանագետի արտահայտություններից առաջացած Ադրբեջանի հակազդեցությունը կարելի է բացատրել նաեւ այն բանով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը հերթական անգամ ցույց տվեց Բաքվի ռազմատենչ սպառնալիքների անհեռանկարայնությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: