AM
2 April 2010 - 11:50 AMT

Ես չէի ցանկանում բարձր դասի ակումբ անցնել եւ նստել պահեստայինների նստարանին

(?) Մասնագետների կարծիքով, Եվրո-2012 նախընտրական փուլում Հայաստանի հավաքականն այնքան էլ բարդ խումբ չի ընկել: Ինչպե՞ս եք Դուք` որպես հավաքականի հիմնական մարզիկ, գնահատում մեր հավաքականի հնարավորությունները խմբային փուլի հաղթահարման գործում:

(!)Ես չեմ կարծում, որ մեր խումբը թույլ խումբ է: Այնտեղ շատ ուժեղ եւ հզոր թիմեր կան: Չնայած այդ ամենին մենք պայքարելու ենք մինչեւ վերջ:

(?)Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի` Վարդան Մինասյանը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է կարեւոր, որ հավաքականը հենց հայ մասնագետ է գլխավորում:

(!)Նա մեզ համար այնքան էլ նոր մարզիչ չէ, քանի որ Մինասյանն արդեն մարզել է հավաքականը որպես ժամանակավոր մարզիչ եւ ծանոթ է բոլոր մարզիկների հետ: Եթե ՀՖՖ ղեկավարությունը նշանակել է նրան, ուրեմն հավատում է նրա հնարավորություններին:

(?)Ուկրաինայի մրցաշարում ձեր ակումբը` Դոնեցկի «Մետալուրգը», 7-րդ տեղն է զբաղեցնում: Իսկ ո՞րն է ակումբի խնդիրն այս սեզոնում:

(!) Մենք միշտ պայքարում ենք բարձր տեղ զբաղեցնելու համար: Մեր գլխավոր նպատակն է ուղեգիր նվաճել Եվրոլիգա: Իսկ այն, որ այժմ ակումբը 7-րդ տեղում է, դեռեւս ոչինչ չի նշանակում, քանի որ ընթացիկ մրցաշարում մենք դեռեւս 9 հանդիպում ունենք, եւ ամեն բան հնարավոր է:

(?)Ուկրաինայի գավաթում թիմը եզրափակիչ փուլ է հասել: Մայիսին այն իր ուժերը կչափի «Տավրիայի» հետ: Ինչպե՞ս եք դուք գնահատում ձեր հնարավորությունները:

(!)Կարծում եմ` մեր հնարավորությունները հավասար են: Կփորձենք լավ խաղալ եւ շահել Գավաթը:

(?)Արդեն մի քանի տարի անընդմեջ «Մետալուրգի» երկրպագուները Ձեզ նշում են որպես ակումբի լավագույն ֆուտբոլիստ: Որքանո՞վ է այդ հանգամանքը օգնում Ձեզ լավ խաղ ցուցադրելու համար:

(!)Իհարկե, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երկրպագում են ինձ եւ քվեարկում:

(?)Նախքան «Մետալուրգը» Ձեզանով հետաքրքրված էին մի քանի եվրոպական ակումբներ: Դուք փորձաշրջան անցաք «Լիոնում», սակայն ընտրեցիք ուկրաինական ակումբը…

(!)Ես պարզապես չէի ցանկանում բարձր դասի ակումբ անցնել եւ նստել պահեստայինների նստարանին: Ուստիեւ որոշեցի սկսել միջին մակարդակի առաջնությունից:

(?)Պատմեք` ինչպե՞ս հաստատվեցիք նոր միջավայրում:

(!)Սկզբում դժվար էր, սակայն ժամանակի ընթացքում ընտելացա եւ այժմ ինձ շատ լավ եմ զգում: Մեր ակումբում շատ լավ մթնոլորտ է եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ:

(?)Ինչո՞վ է տարբերվում հայկական ֆուտբոլը ուկրաինականից:

(!)Ուկրաինական թիմերը խաղում են ֆիզիկապես, այլ ոչ թե ռազմավարությամբ կամ տեխնիկապես: Իսկ Հայաստանում շատ թիմեր անգամ նորմալ ձմեռային հավաքներ չեն անցկացնում, ուստի հայկական թիմերը ֆիզիկապես շատ են զիջում:

(?)Անկասկած, գեներն իրենցն արել են, բայց ինչպե՞ս Դուք որոշեցիք զբաղվել ֆուտբոլով եւ ի՞նչ նշանակություն ունի այն Ձեր կյանքում:

(!)Ֆուտբոլն իմ կյանքում շատ կարեւոր դեր ունի: Ուզում եմ մինչեւ կյանքիս վերջը զբաղվել ֆուտբոլով: