AM
22 April 2010 - 12:57 AMT

ՀԱՕԿ-ը սգում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի մահը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) սգում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի մահը, որը կյանքից հեռացավ 2010թ. ապրիլի 21-ին 90 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Խուան Անտոնիո Սամարանչը 1966 թ. դարձել է ՄՕԿ–ի անդամ, իսկ 1980 թ. մոսկովյան օլիմպիադայի մեկնարկից 3 օր առաջ ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ: 1994թ. ապրիլի 19-20-ը ՄՕԿ-ի պատվիրակությունը մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչի գլխավորությամբ այցելել է Հայաստան: Նա եղել է նաև Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում, ծանոթացել մարզակառույցներին: Սամարանչը նաև գումար է տրամադրել ՀԱՕԿ-ի կարիքների ու Ծաղկաձորի մարզահամալիրի վերանորոգման աշխատանքների համար:

ՄՕԿ-ի պատվիրակության այցը Հայաստան նպաստել է հանրապետությունում օլիմպիական շարժման հեղինակության բարձրացմանը, մարզական աշխատանքների աշխուժացմանը, միջազգային մարզական կապերի բարելավմանը, օլիմպիական շարժման բազմաթիվ հարցերի պարզաբանմանը: