Հայաստանում մեծածավալ տնտեսական բարեփոխումներ են անցկացվել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է հեղինակավոր տնտեսագետ, Քարնեգի Հիմնադրամի առաջատար մասնագետ Անդերս Օսլունդը: «Սակայն երբ երկրի անվտանգությանը սպառնացող գործոնները դեռեւս չեն վերացվել, ապա, իհարկե, արդյունքները չեն կարող առանձնապես տպավորիչ լինել», – ավելացրել է տնտեսագետը: Նրա կարծիքով, Հարավային Կովկասի երկրներից մրցակցությունից դուրս է Վրաստանը` «քայքայված քաղաքացիական պատերազմից, տարածաշրջանի ամենակորումպացված երկիրը»: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա, Անդերս Օսլունդի խոսքերով, «այդ երկիրը շատ ավելի քիչ բարեփոխումներ է անցկացրել, քան Վրաստանը եւ Հայաստանը»: Այնուհանդերձ, ընդգծել է նա, Ադրբեջանն ամենամեծ ուղիղ ներդրումների ծավալն է ստացել տարածաշրջանի մյուս պետությունների համեմատությամբ: «Որոշ տարիներին արտասահմանյան ներդրումներն Ադրբեջանում կազմել են վերջինիս ՀՆԱ-ի 25 տոկոսը: Սա ցույց է տալիս, որ արտասահմանյան ներդնողները շատ քիչ ուշադրություն են դարձնում կաշառակերությանը, որը ծաղկում է Ադրբեջանում եւ ժողովրդավարության բացակայությանը, որի մասին այնտեղ ընդհանրապես չեն մտածում: Այնտեղ կա բռնապետ, որը միանձնյա որոշումներ է կայացնում, եւ կա նավթ: Եւ ես շատ կզարմանամ, եթե արտասահմանյան ներդնողները ետ ստանան իրենց գումարները», – հայտարարել է Քարնեգի Հիմնադրամի առաջատար մասնագետը: