Ի սկզբանե օգոստոսի 21-ին նշանակված Արթուր Աբրահամի (Գերմանիա) և բրիտանացի Կառլ Ֆրոչի միջև «Super Six Boxing Classic» մրցաշարի մենամարտը տեղափոխվել է սեպտեմբեր:
Մարտը տեղափոխվել է Ֆրոչի աչքի և ականջի վնասվածքների պատճառով, որոնք նա ստացել է Միկկել Քեսլերի հետ մենամարտում (Դանիա):
Աբրահամի և Ֆրոչի միջև տարաձայնություններ կան մարտն անցկացնելու վայրի շուրջ: Ֆրոչը պնդում է, որ մարտը տեղի կունենա Նոթինգհեմի ֆուտբոլային մարզադաշտում, իսկ Աբրահամը ցանկանում է բրիտանացու հետ հանդիպել Գերմանիայում:
Աբրահամի կողմն առաջարկել էր, որպեսզի մարտը տեղի ունենա չեզոք տարածքում` Շվեյցարիայում, սակայն քիչ հավանական է, որ Ֆրոչը համաձայնվի դրան: