Մայիսի 13-17-ը Մինսկում (Բելառուս) ընթանում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների առաջին օրն արդեն հայ մարզիկները նվաճեցին երկու բրոնզե մեդալ, մեկը` կանանց մրցումներում հանդես եկող մեր միակ մարզուհին` Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Ռուզաննա Սարգսյանը (48 կգ քաշային կարգ), մյուսը` Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, 52 կգ քաշային, Տիգրան Կիրակոսյանը: Նա այս տարի արդեն նվաճել էր Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Նախքան Եվրոպայի առաջնության մեկնարկը` մայիսի 13-ին, կայացավ Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցեց ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Կոնգրեսի ընթացքում սամբոյի եվրոպական ընտանիքին անդամակցել են նաև Ավստրիայի և Խորվաթիայի սամբոյի ֆեդերացիաները:
Մայիսի 15-ին մրցասպարեզ կմտնեն Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ) և Մուշեղ Հովսեփյանը (82 կգ): Մայիսի 16-ին ելույթ կունենան մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ):