AM
29 May 2010 - 10:47 AMT

Սայմոն Շեմբերգ. Հայաստանի հավաքականի որակազրկման մասին վերջնական որոշումը IIHF-ը կկայացնի հանգամանքները պարզելուն պես

Օրերս Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF-ը) կոմիտեի նիստում որոշվել է որակազրկել Հայաստանի հոկեյի հավաքականին անորոշ ժամանակով: Որակազրկման պատճառն որոշ անդամների մասին ոչ հավաստի տեղեկություններն են, որոնք ունեն ԱՄՆ-ի ու Հայաստանի երկքաղաքացիություն: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալներ, սակայն Միջազգային ֆեդերացիան որոշ խաղացողների որակազրկման պատճառով չգրանցեց արդյունքը և ուժեղագույն 49 հավաքականների կազմում հայկական հավաքականն առանց միավորների զբաղեցրեց վերջին տեղը:

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սայմոն Շեմբերգը PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել, որ որակազրկվել են ոչ թե առանձին խաղացողներ, այլ Հայաստանի հավաքականը, ուստի միավորները չեն գրանցվել վարկանիշային աղյուսակում: Վերջնական որոշում կկայացվի հանգամանքները պարզելուն պես: Ավելի վաղ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանն ասել էր, թե Միջազգային ֆեդերացիան իր որոշումը կհրապարակի սեպտեմբերին կայանալիք նիստում: