AM
31 May 2010 - 13:21 AMT

Քութայիսի միջազգային մրցաշարում հայ սուսերամարտիկները 7 մեդալ են նվաճել

Քութայիսում (Վրաստան) տեղի է ունեցել սուսերամարտի միջազգային մրցաշար: Մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից:

Հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել և նվաճել են 7 մեդալ:

Տղամարդկանց շարքում «ճկասուսեր» ոճում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Արմենակ Գասպարյանը և Գևորգ Հարությունյանը: «Խոցասուսերում» հավասարը չուներ Սպարտակ Հարությունյանը, իսկ Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Կանանց թվում «ճկասուսեր» ոճում Սուսաննա Ղազարյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Հասմիկ Աղաբաբյանը և Մանիկ Հակոբյանը զբաղեցրել են 3-րդ տեղը:

«Հունիսի 25-28-ը մեր հավաքականը Բաթումում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ հուլիսի սկզբին ուսումնամարզական հավաք է անցկացնելու և պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու Գերմանիայում հուլիսի 16-20-ը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Մադոյանը: