AM
6 June 2003 - 15:03 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Թուրքիան դեռ-ս պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը: Այդ մասին ասվում է Եվրամիությանն անդամակցման Թուրքիայի հայտի առնչությամբ հոլանդացի պատգամավոր Արի Օոսթլանդերի զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի արտաքին կապերի եւ մարդու իրավունքների կոմիտեի նախորդ օրն ընդունված բանաձեւում: Փաստաթղթում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, կոչ է արվում Անկարային «բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ», դուրս բերել զորքերը հյուսիսային Կիպրոսից, ինչը կնպաստի կղզում նորմալ կյանքի հաստատմանը: Բացի այդ, Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել Թուրքիայում մեծ թվով քաղաքական բանտարկյալների առկայության առնչությամբ, հատկապես, քրդական ծագումով, ինչպես նաեւ այն փաստի առումով, որ թուրքական բանակը չափազանց մեծ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում, ինչի հետեւանքով դանդաղել է պետական համակարգի ժողովրդավարացման գործընթացը: