AM
25 Հունիս 2010 - 12:12 AMT

Մուստա‎ֆա Ջասեմ ալ-Շամալի. Հայաստանի և Քուվեյթի քաղաքական դիրքորոշումները համընկնում են

Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության ‎ֆինանսների նախարար Մուստա‎ֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. նոյեմբերին Քուվեյթ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա վստահություն հայտնեց, որ նախարարի այցը Հայաստան նոր հնարավորություններ կբացի երկկողմ համագործակցության զարգացման համար եւ ողջունեց «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության» համաձայնագրի ստորագրումը, որը կխթանի քուվեյթյան կապիտալի մուտքը եւ բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների գործարարների համար տնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու առումով:

Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց բիզնես ‎ֆորումների անցկացումը, գործարարների շփումները: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը, ինչը կնպաստի նաեւ բոլոր բնագավառներում փոխգործակցության ակտիվացմանը, ԱԺ նախագահը նշեց, որ երկու խորհրդարանների միջև ստորագրված է համագործակցության համաձայնագիր, որը լավ հնարավորություն է խորհրդարանական համագործակցությունը խորացնելու համար: Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ պատվիրակությունների փոխայցերը, որոնք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալ միմյանց խնդիրներին ու հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար եւ փոխանցելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները` Քուվեյթի ‎ֆինանսների նախարարը բարձր գնահատեց երկու երկրների փոխգործակցության զարգացումը: Նախարարի համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի եւ կխթանի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նրա խոսքով երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են. երկու երկրներն էլ ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման: Պարոն Մուստա‎ֆա Ջասեմ ալ-Շամալին նշեց, որ Քուվեյթը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, ղարաբաղյան հիմնախնդրին` համոզմունք հայտնելով , որ 21-րդ դարում հակամարտությունների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի եւ ուժի կիրառումը ու ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նպաստել հիմնախնդիրների լուծմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: