ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներկի նախագահների հայտարարությունը նպատակ է հետապնդում վերջ դնել ադրբեջանական շանտաժին առ այն, որ նա դուրս կգա բանակցային գործընթացից: Այս մասին այսօր լրագրողների է հայտարարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, Ակվիլայի հայտարարության համեմատ այս հայտարարության մեջ մի տարբերություն կա, այն է`եթե Ակվիլայի հայտարարությանը կցված էին կարգավորման սկզբունքները, ապա այս դեպքում դրանք ներկայացված են նույն փաստաթղթում: «Չափազանց մտահոգիչ է հայկական դիվանագիտության ցածր մակարդակը, որը հատկապես արտահայտվեց, երբ ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց այդ հայտարարությանը: Օրինակ, Նալբանդյանը հայտարարում է, որ հիմա Ադրբեջանը պետք է ասի ընդունում է թե չի ընդունում այդ սկզբունքները, այնինչ հենց փաստաթղթի մեջ նշվում է, որ կողմերն ընդունում են դրանք»,-ասել է Դավիթ Շահնազարյանը: Նա մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ այդ հայտարարության մեջ չի նշված Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումը Ղարաբաղի դեմ, ինչը ևս հայկական դիվանագիտության վատ աշխատանքի արդյունքն է: «Այդ դեպքից անմիջապես հետո հայկական կողմը պետք է միջագային հետաքննություն պահանջեր»,-գտնում է Դավիթ Շահնազարյանը :
Անդրադառնալով տարբերություններին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներկի նախագահների հայտարարության ռուսերեն և անգլերեն տեքստերի միջև`Շահնազարյանն ասաց, որ իր կարծիքով սկզբում տեսքտը կազմվել է ռուսերենով, իսկ հետո անգլերեն տեքստում կատարվել են համապատասխան փոփոխություններ:






