Եվրոպական խորհրդարանում այս օրերին քննարկվող հոլանդացի խորհրդարանական Արի Օոսթլանդերի Թուրքիայի գծով զեկույցում կոչ է արվում թուրքական կողմին եւ Եվրախորհրդարանին ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է բրիտանական «Kurdish Media» գործակալությունը, հաղորդում է «Արմինֆո»-ն, ներկայացնելով իր զեկույցը, Արի Օոսթլանդերը նշել է, որ Եվրամիության դռները բաց են Թուրքիայի համար, սակայն թուրքական կողմը ստիպված կլինի «քարքարոտ ճանապարհ» անցնել այդ կազմակերպությանը անդամակցելու համար: Նա նշել է Թուրքիայում առկա լուրջ խնդիրները, մասնավորապես, մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների խախտումը: Դրանից բացի նշվել է, որ քեմալիզմի գաղափարախոսությունը, որն այժմ զարգանում է Թուրքիայում, խոչընդոտում է երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Նշենք, որ այսօր Եվրախորհրդարանի անդամները կքվեարկեն հոլանդացի խորհրդարանականի զեկույցի վերաբերյալ: