AM
21 July 2010 - 07:30 AMT

Հայաստանի տնտեսական աճը կասկածներ է հարուցում երկրի բնակչության մոտ

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական աճը Հայաստանում առաջին կիսամյակում կազմել է 6,7 տոկոս:

«Դա բավական լավ ցուցանիշ է առաջին կիսամյակի համար, քանի որ պետբյուջեով նախատեսված տարեկան ցուցանիշը կազմում է 1,2 տոկոս»,-ասել է խորհրդարանական ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը հուլիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա ուշադրությունը հրավիրել է չորս ցուցանիշի վրա, մասնավորապես, 12.3 տոկոսով արդյունաբերական արտադրության ծավալի աճի վրա, շինարարության ծավալի 4,1 տոկոս աճի վրա, քանի որ անցյալ տարի հենց այդ ոլորտում գրանցվեց ամենամեծ անկումը: Ավելացել է նաև ծառայությունների ծավալը, բացառությամբ առևտրի` 6,1 տոկոսով:

Ընդ որում, նա նշել է, որ տարեսկզբին Հայաստանում գրանցված բնակլիմայական պայմանների պատճառով խախտվեց գյուղատնտեսության ոլորտի ցիկլը, որի պատճառով անկումն այս ոլորտում կազմեց 13,1 տոկոս; «Թովմա Անհավատը (ժողովուրդը) կարող է լիովին վստահել այս ցուցանիշներին, քանի որ անկումը գյուղատնտեսության ոլորտում կազմել է շուրջ 13 տոկոս, այն դեպքում, երբ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 13 տոկոս աճ»,-նշել է նա: Բացի այդ, ըստ նրա, 55,9 տոկոսով ավելացել է արտահանման ծավալը, ինչը երկու անգամ ավել է ներմուծման ծավալի աճից` 24,4 տոկոս:

Անդրադառնալով գնաճին, որը առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 7,3 տոկոս և արդեն անցել է իր գագաթնակետը, Գագիկ Մինասյանը նշեց, որ այն միշտ մնում է բավական բարձր մակարդակի վրա, և «երկրի իշխանությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի տարվա ավարտին այն վերադառնա 4±1,5 տոկոս ցուցանիշին»: