Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբը /ՀԱԱ/ նամակ է հղել Ռուսաստանի Պետդումա` պահանջելով դադարեցնել կամ կասեցնել, այսպես կոչված, 1921 թ. մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրի գործողությունը, որի հետեւանքով Թուրքիային են անցել ցարական Ռուսաստանի ավելի քան 23,5 հազար քառ/կմ տարածքը, որն ընդգրկում էր Արդաղանի, Արտվինի, Կաղվվանի, Օլթիի շրջանները, ինչպես նաեւ Բաթումի եւ Սուրմալուի գավառների հարավային մասերը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ՀԱԱ նախագահ Սմբատ Կարախանյանը, «Միաբանություն» խորհուրդը գումարել է քաղաքագետ-միջազգայնագետներից եւ արխիվագետներից բաղկացած հատուկ հանձնաժողով, որոնք մի շարք պատմական փաստաթղթերի հետ քրտնաջան աշխատանք են տարել, որի արդյունքն էլ ՌԴ Պետական դումային ուղղված դիմումն է: Նրա խոսքերով, դիմումում հիմնվելով միջազգային իրավական նորմերի վրա, ապացույցներ են բերվում Մոսկովյան պայմանագրի անիրավազորության մասին: Այլ փաստարկների թվում ՀԱԱ փորձագետները նշում են այն փաստը, որ Մոսկովյան պայմանագրի կնքման պահին, այն է` 1920 թ. ամռանից Թուրքիայում գործել է երկու կառավարություն. մեկն Անկարայում` Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ, մյուսն` այդ պահին միջազգայնորեն ճանաչված Կոնստանդնուպոլսի կառավարությունը: Մինչդեռ պայմանագիրը ՌՍՖՍՀ ղեկավարությունը կնքել է այն ժամանակ չճանաչված քեմալական կառավարության հետ: Դիմումում առանձին կետով նշվում է հայկական ազգային խորհրդանիշի` Արարատ լեռան հարցը: «Ռուսաստանի գլխավոր շտաբի ռազմական քարտեզի համաձայն, «Արարատ լեռ» կայարանը /Սարայբուլաղ/ մտել է Նախիջեւանի տարածքի մեջ: Սակայն, ինչպես հայտնի է, հետագայում Թուրքիան ինքն է խախտել տվյալ պայմանագրի պայմանները` ինքնակամորեն տեղաշարժելով սահմանագիծը, որի հետեւանքով «Արարատ լեռ» կայարանը հայտնվել է Թուրքիայի տարածքում»,- ասվում է հայկական ակումբի դիմումում: ՀԱԱ առաջնորդի խոսքերով` դիմումը լայն հնչեղություն է գտել ռուս դսիտորդների մոտ:






