AM
4 June 2003 - 17:51 AMT

ՀՈՒԼԻՍԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՊՀ ՀԱՄԱՏԵՂ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հուլիսին Ուկրաինայի տարածքում կանցկացվեն ԱՊՀ երկրների հատուկ ստորաբաժանումների համատեղ տակտիկական զորավարժություններ` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է ԱՊՀ երկրների Հատուկ ծառայությունների խորհրդի նախագահ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը: Նրա խոսքերով` այդ զորավարժությունները խթան կհանդիսանան ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքում: ՌԴ ԱԴԾ ղեկավարը գտնում է, որ անհրաժեշտ է ոչ միայն քննարկել հակաահաբեկչությանը վերաբերող հարցերը, այլեւ պայքարի համատեղ փորձ ձեռք բերել: Բացի այդ, նրա խոսքերով, Երեւանում անց կացվող ԱՊՀ Հատուկ ծառայությունների խորհրդի նիստում անվտանգության մարմինների ղեկավարները պայմանավորվել են` միջազգային ահաբեկչությանն առնչվող կազմակերպությունների եւ անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: