AM
3 September 2001 - 16:51 AMT

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՋԱՎԱԽՔԻՑ ՀԱՅԵՐ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

Վրաստանի նախագահի` Սամցխե-Ջավախեթի տարածքաշրջանում լիազոր Գիգլա Բարամիձեն կտրականապես հերքեց վրացական մամուլում տարածված այն տեղեկությունը, որ Ախալքալակի շրջանի հայ բնակչությունը ծառայում է Աբխազիայի բանակում: Նրա խոսքերով, Բաղրամյանի անվան աբխազական գումարտակում, բացի Աբխազիայում բնակվող հայերից ու աբխազներից, ծառայում են վրացիներ, որոնք իրավաբանորեն փոխել են իրենց ազգությունը եւ դարձել են աբխազներ: Ինչպես հայտնում է CNA գործակալությունը, Բարամիձեն բացառում է այն հնարավորությունը, որ Բաղրամյանի անվան գումարտակում ծառայում են Սամցխե-Ջավախեթի տարածքաշրջանում բնակվող հայեր: «Գոյություն ունեն հարցեր, որոնցում Սամցխե-Ջավախեթիի բնակչությունը համաձայն չէ երկրի իշխանությունների հետ, սակայն այդպիսիք կան նաեւ Թբիլիսիում»,- ասել է Գիգլա Բարամիձեն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: