Հայաստանի կառավարությունը կրճատել է «DigiTec Expo 2010» ցուցահանդեսի ֆինանսավորումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը լրագրողներին հայտնել է, որ ցուցահանդեսի անցկացման համար կառավարությունը տրամադրել էր 10 մլն դրամ: Նրա խոսքերի համաձայն, հիմնականում կրճատվել է բարձր տեխնոլոգիաների զարգացման համար կառավարության տրամադրած միջոցները` նախկին 200 մլն դրամի փոխարեն հասցնելով 80 մլն-ի:
Կարեն Վարդանյանի խոսքերի համաձայն, ներկայում Հայաստանում գործում են տասն անգամ ավելի քիչ ՏՏ ընկերություններ, քան նախատեսված էր ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «2008-2018 թթ. ՏՏ զարգացման հայեցակարգում»:
«Հայեցակարգում նշված է, որ 2018 թ. Հայաստանում պետք է լինի ՏՏ բնագավառի 1000 ձեռնարկություն: Ռիսկերը հաշվի առնելով, դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 3000 ընկերություն, այսինքն` տարեկան մոտ 300 ընկերություն: Սակայն, առանց կառավարության կամ այլ կառույցների միջամտության, ամեն տարի Հայաստանում բացվում է 30 ընկերություն: Այս հանգամանքն առիթ է տալիս լրջորեն մտածել ենթակառույցների ստեղծման մասին, որոնք կնպաստեն նոր ընկերությունների ի հայտ գալուն», – ասել է Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերի համաձայն, USAID Caps ծրագիրն անցյալ տարի վճարել է «DigiTec Expo» ցուցահանդեսին նորաստեղծ 5 կազմակերպությունների մասնակցության համար, ևս 6 կազմակերպությունների օգնել է մասնակցելու ՏՏ ձեռնարկությունների միության աշխատանքներին:
«Կարծում եմ, այս տարի նոր կազմակերպություններից մասնակիցներ շատ կլինեն», – ասել է Կարեն Վարդանյանը:
Հեռահաղորդակցության և ՏՏ ամենամյա վեցերորդ «DigiTec Expo 2010» ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը, Երևանում:
«DigiTec Expo 2010» ցուցահանդեսին կարող են ներկայացվել մոտ 60 ընկերություն, իսկ մասնակիցների թիվը կհասնի 15 հազարի: