AM
22 September 2010 - 09:55 AMT

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը

Սեպտեմբերի 22-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը Hi Line ծառայության միացման ժամանակ «անբարեխիղճ մրցակցություն» ցուցաբերելու համար «ԱրմենՏել» ընկերությունը զարմացած և մտահոգված է Պետական հանձնաժողովի նմանատիպ որոշմամբ, ասվում է ընկերության հայտարարության մեջ: «Նախ և առաջ, արդեն որերորդ անգամն է, ինչ առկա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների կրկնօրինակման փաստը: Հանձնաժողովն, ի դեպ, քննարկել է այս հարցը և չի գտել որևէ օրենքի խախտում «ԱրմենՏել» ընկերության գործողությունների մեջ:

Արդեն չորրորդ ամիսն է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է այսքան պարզ թվացող հարցը: Մենք գտնում ենք, որ հանձնաժողովը չի տարբերակում ինտերնետ կապի միացման վճարի և համակարգչային կարգավորումների համար նախատեսված վճարի տարբերությունը, որն, ի դեպ, չի տրամադրվում ակցիայի շրջանակում: Առաջացած խնդրի վերաբերյալ կարող ենք ևս մեկ անգամ կրկնել, որ ինտերնետ ծառայության միացման վարձավճարը, որ գանձվում էր նախքան ակցիան և կազմում էր 4800 դրամ, ակցիայի շրջանակում չի գանձվում: Ինչ վերաբերում է համակարգչային կարգավորումներին, ապա բաժանորդը միշտ հնարավորություն է ունեցել ինքնուրույն կարգավորել համակարգիչը` կարդալով պայմանագրի հետ տրվող հրահանգների գրքույկը կամ հետևել օպերատորի ցուցումներին` զանգահարելով Հաճախորդների սպասարկման ծառայություն 100 հեռախոսահամարով»:

Բացի դրանից, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղադրված ցուցադրական գոտիներում ընկերության աշխատակիցները կարող են գործնականում ցույց տալ, թե ինչպես կարգավորել համակարգիչը: Բայց եթե հաճախորդը, այնուամենայնիվ, չի ցանկանում կամ ժամանակ չունի զբաղվելու համակարգչի կարգավորմամբ, ապա նա կարող է զանգահարել համակարգչային ծառայություններ մատուցող ցանկացած ընկերություն և կանչել մասնագետ: Նշենք, որ ոչ մի բաժանորդ չի բողոքել «ԱրմենՏել» ընկերությանն այն բանի համար, որ իրենցից մեկ այլ ընկերություն պահանջել է «հավելյալ վճար» իրենց փոխարեն համակարգիչը կարգավորելու, հակավիրուսային ծրագիր տեղադրելու և այլ ծառայություններ մատուցելու համար:

Մենք մտահոգված ենք Հանձնաժողովի որոշմամբ, և կարծում ենք, որ չտարբերակելով ծառայությունները և կիրառելով չհիմնավորված դրույթներ, Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովը ստեղծում է վտանգավոր նախադեպ տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից, ասվում է ընկերության հայտարարության մեջ: