AM
23 September 2010 - 08:50 AMT

Սիկե-Տակաո Կիտանո. Հայ մարզիկները հասկանում են մեր մարտարվեստի փիլիսոփայությունը, այն է` զարգացնել հոգին ու մարմինը

Սեպտեմբերի 1-29 Հայաստանում է գտնվում ճապոնական «Սինդեն ռյու Ձյու ձյուցուի» սև գոտի 8-րդ դանի մեծ վարպետ Սիկե-Տակաո Կիտանոն: Վերջինս հայ մարզիկների համար անցկացնում է վարպետության դասեր, և սա արդեն նրա 4-րդ այցն է Հայաստան:

«Ամեն անգամ գալիս եմ Հայաստան և տեսնում, որ մեր մարտարվեստով հետաքրքրվողների թիվն ավելացել է: Կարևորը, որ հայ մարզիկները հասկանում են նաև մարտարվեստի փիլիսոփայությունը, այն է` զարգացնել հոգին ու մարմինը»,- նշել է Սիկե-Տակաո Կիտանոն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Դաի Նիպպոն Բուտոկու կաի հայկական մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչ Ռէնսի-Գրիգեր Շեկոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում մարզվողների տարիքը տատանվում է հիմնականում 10-55 միջև: «Մեր դահլիճը գտնվում է Շահումյանի շրջանում, և առայժմ պարապում են միայն տղաներ: Քանի որ մեր մարտարվեստը չունի առաջնություններ և միջազգային մրցաշարեր, մենք մասնակցում ենք ցուցադրական փառատոններին և սեմինարներին: Վերջերս ելույթ ունեցանք Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և Ճապոնիայի կայսերական պալատի Դաի Նիպպոն Բուտոկու կաի մարտարվեստների կենտրոնում»,- ավելացրել է նա: