Երևանի բասկետբոլի «Հատիսը» սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կմասնակցի ամենամյա միջազգային մրցաշարին, որը կավարտվի սեպտեմբերի 29-ին:
Մրցաշարին կմասնակցեն նաև Կուրսկի «Դինամոն», Վոլոգդայի «Չևակատան» և Կիևի «Տիմ ՍԿՈւՖ» թիմերը, հայտնում է «Հատիսի» պաշտոնական կայքէջը:
«Հատիսի» առաջին հանդիպումը կլինի «Չևակատայի» հետ, որը երկու խաղ է անցկացրել Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարում 2009-10 խաղաշրջանում: Երևանում «Հատիսը» հաղթեց 91:82 հաշվով, իսկ Ռուսաստանում՝ զիջեց 103:99 հաշվով:
Երևանյան ակումբը Կուրսկ կմեկնի սեպտեմբերի 26-ին, մինչ այդ բասկետբոլիստուհիները Գիա Ղազանչյանի ղեկավարությամբ երկշաբաթյա հավաք են անցկացրել Ծաղկաձորում: