Շախմատի համաշխարհային օլիմպիադան կարևոր փուլ է թևակոխում՝ մինչ ավարտը մնացել է 4 տուր, թիմերի յուրաքանչյուր անհաջողություն և կորուստ կարող է որոշիչ լինել:
Շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը մրցաշարային աղյուսակում 9-րդն է, կխաղա Լեհաստանի հավաքականի հետ, որը 5-րդն է: Առաջին խաղատախտակին կխաղան Լևոն Արոնյանն (2783) ու Ռադոսլավ Վոյտաժեկը (2711): Մյուս երեք պարտիաներում կխաղան՝ Վլադիմիր Հակոբյան (2691)-Բարտոշ Սոկո (2657), Գաբրիել Սարգսյան (2677)-Բարտոլոմեյ Մաչեյ (2651) և Արման Փաշիկյան (2639)-Կամիլ Միտոն (2629) զույգերը:
ՀՀ կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը և 8-րդ տուրում կխաղա Իսրայելի հավաքականի հետ, որը 22-րդն է:
Կխաղարկվեն հետևյալ պարտիաները՝ Էլինա Դանիելյան-Մաշա Կլինովա, Լիլիթ Մկրտչյան-Բելլա Իգլա, Լիլիթ Գալոյան-Էլլա Պիտամ, Նելլի Աղինյան-Օլգա Վասիլևա: