AM
29 September 2010 - 06:31 AMT

Հենրիկ Մխիթարյանը նշեց իր նորամուտը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում

Սեպտեմբերի 28-ին կայացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի նորամուտը UEFA-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», H խմբում խաղացել է «Բրագայի» դեմ, հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:

Խաղն ավարտվել է 0:3 հաշվով «Շախտյորի» օգտին: Լուիս Ադրիանոյի դուբլը և Դուգլաս Կոստայի գոլը թույլ տվեցին հաղթանակ տանել:

«Պարտիզանի» հետ առաջին շրջանում հանդիպման համեմատ Միրչա Լուչեսկուն Ժադսոնի փոխարեն դաշտ է դուրս բերել Մխիթարյանին: Նա երկու շաբաթում հասցրել է ընտելանալ նոր թիմում և երեք գոլ է խփել:

Խաղից հետո «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ նրա թիմն արժանի էր այդ հաղթանակին:

Հաղթանակից հետո «Շախտյորը» 6 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը H խմբում: Առաջին տեղում 6 միավորով «Արսենալն» է: