Սեպտեմբերի 29-ի նիստում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին ընդհանուր առմամբ 5 մլն դրամով տուգանել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մի շարք խախտումների համար: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, դեռևս հուլիսի 28-ին Հանձնաժողովը պատասխանատվության էր ենթարկել ձու արտադրող հինգ ընկերությունների, այդ թվում` Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկային տարբեր տեսակի հավկիթների վրա պարտադիր մակնշման բացակայության համար: Ընկերություններին հանձնարարվել էր որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում վերացնել խախտումը: Օգոստոսի 30-ին` ժամկետը լրանալուց 10 օր անց, Հանձնաժողովը երևանյան խոշոր առևտրի կետերում դարձյալ դիտարկումներ է կատարել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ` «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»:
Հաշվի առնելով այդ իրողությունները`Հանձնաժողովը որոշեց Ընկերության արտադրած, առանց պատշաճ մակնշման հավկիթների յուրաքանչյուր տեսակի համար կիրառել տուգանք 500 000 դրամի չափով: Մեկ այլ որոշմամբ էլ ՏՄՊՊՀ-ը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ 1 մլն դրամի չափով պատասխանատվության միջոց կիրառեց նաև իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար: Արդյունքում Հանձնաժողովի 29.09.2010 որոշումներով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ կիրառված տուգանքի ընդհանուր գումարը կազմեց 5 մլն դրամ: