Հոկտեմբերի 7-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի կենտրոնակայանում հանդիպում ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: Նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն էր:
Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ դժգոհ է Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից: Նա ակումբների ղեկավարներին տեղեկացրեց, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը` որոշում է կայացվել հրաժարվել Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարներից և այսուհետ նրանց չվստահել` վարելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերը: Որպեսզի մրցաշարը վտանգի տակ չհայտնվի, նա առաջարկեց հանդիպումների սպասարկման գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին:
Քանի որ Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական առաջնությունը մոտենում է եզրագծին, և որոշ հանդիպումների նշանակությունը մրցաշարային առումով շատ բարձր է, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց անհրաժեշտության դեպքում և ակումբների ցանկությամբ դրանք վստահել արտասահմանցի մրցավարներին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:






