Օրերս ԱՄՆ Սենատի քննարկմանն է ներկայացվել 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին միջնորդություն: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկությունը ներկայացրել են սենատորներ Ջոն Էնսինը եւ Ժան Կորզինեն ԱՄՆ Պետդեպարտամենտի 2004 թվականի բյուջեի քննարկման ընթացքում: Քննարկմանը ներկայացրած փաստաթուղթը ԱՄՆ-ին կոչ է անում դաս քաղել անցյալի ցեղասպանություններից եւ թույլ չտալ դրանց կրկնումն ապագայում: Մինչդեռ պաշտոնական Անկարան շարունակում է Հայոց ցեղասպանության փաստի կտրականապես հերքման քաղաքականությունը` պնդելով, որ հայ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերը հայերի անհնզանդությանը վերջ տալու Օսմանյան Կայսրության փորձերի հետեւանք էին: Թուրքական կողմը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հաճախ է առաջարկվում քննարկման` հատկապես Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածության շրջանում, այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը հրաժարվեց տարածք տրամադրել ԱՄՆ զորքերին Իրաքի դեմ պատերազմում: Թուրքիայի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ամերիկա-թուրքական հարաբերությունների լարվածության արդյունքում ԱՄՆ կարող են Թուրքիային չաջակցել մի շարք հարցերում, ինչպես` Կիպրոսի խնդիրը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը: