AM
19 October 2010 - 08:33 AMT

Հայաստանում արդեն սկսվել է պարտադիր ավտոապահովագրման պայմանագրերի վաճառքը

Հոկտեմբերի 18-ին Հայաստանում վաճառքի են հանվել ԱՊՊԱ պայմանագրերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել «ԻՆԳՕ-Ամենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը, հոկտեմբերի 18-ին և այսօր արդեն կնքվել է ԱՊՊԱ 148 պայմանագիր: «Հիմնականում դրանք կորպորատիվ հաճախորդներ են, որոնք այլընտրանք չունեն»,-ասել է նա:

Ըստ Լևոն Ալթունյանի, «ԻՆԳՕ-Ամենիա» ընկերությունը ստեղծել է համապատասխան գործակալների ցանց, որոնք կարող են սպասարկել բոլոր գրանցված ավտոտրանսպորտի միջոցները: «Այսօրվա դրությամբ մենք ունենք վաճառքի 200 կետ, որտեղ աշխատում է ապահովագրման 1000 գործակալ», ասել է նա:

Հայտնի են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից ընդունված և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ապահովագրավճարների մեծությունները:

Անձնական օգտագործման ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի հզորությունը չի գերազանցում 80 լ/վ, ԱՊՊԱ պայմանագրերը կարժենան 25 հազար դրամ, 81-140 լ/վ հզորությամբ մեքենաների համար՝ 32 հազար դրամ, 141-230 լ/վ՝ 41 հազար դրամ, 231 լ/վ համար՝ 46 հազար դրամ: Առավելագույն արժեքը կազմում է 42 հազար, 53 հազար, 67 հազար, 77 հազար դրամ համապատասխանաբար: Տաքսիների համար պայմանագրի նվազագույն արժեքը կկազմի 37 հազար, 46 հազար, 58 հազար, 66 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 61 հազար, 76 հազար, 97 հազար և 110 հազար դրամ: