AM
30 May 2003 - 18:45 AMT

ԱՄՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՓՈԽԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԴԵՍՊԱՆԸ

ԱՄՆ ճնշման ազդեցության տակ թուրքական կառավարությունը դժվար թե մոտ ապագայում փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում: Նման կարծիք է հայտնել «Մեդիամաքս» գործակալությանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով` «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի վերջերս արված հայտարարությունը նոր նախապայմանի` Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, թուրքական ներկա կառավարության դիրքորոշման հերթական վառ վկայությունը դարձավ»: Դիվանագետը հայտնել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո Հայաստանն ԱՄՆ կառավարությանն առաջարկել է հակաահաբեկչական գործողության շրջանակներում Թուրքիայի հետ քննարկել Կարս-Գյումրի երկաթուղային հատվածի բացումը, «որը կարող էր կապել Եվրոպան ոչ միայն Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի հետ, այլեւ նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը»: «Չնայած ԱՄՆ վարչակազմի դրական արձագանքին, անցած 2 տարիների ընթացքում «գնացքը» տեղից այդպես էլ չշարժվեց», – նշել է Ա. Կիրակոսյանը: