Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հերթական հաղթանակներն են տարել Հայաստանի տղամարդկանց և կանանց «Միկա» թիմերը: Առաջնությունն ընթանում է բուլղարական Պլովդիվ քաղաքում և ավարտվելու է հոկտեմբերի 24-ին:
4-րդ տուրում, որը կայացել է հոկտեմբերի 20-ին, հայ գրոսմայստերները 5:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել «Bihac»-ի (Բոսնիա և Հերցեգովինա) նկատմամբ, մինչ այդ «Bihac»-ը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Հաղթանակից հետո «Միկան» 18.5 միավորով 2-րդ տեղում է: 5-րդ տուրում նա խաղալու է «G-Team Novy Bor»-ի հետ (Չեխիա):
Կանանց «Միկա» ակումբը 3:1 հաշվով հաղթել է «BAS Beograd»-ին (Սերբիա) և 11.5 միավորով 3-րդ տեղում է : 5-րդ տուրում հայ շախմատիստների մրցակիցը լինելու է «AVS»ն (Ռուսաստան):






