Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական վերելքը թափ է առնում. 2010-ին տարածաշրջանում կանխատեսվում է մինչև 5.75 տոկոս աճ 2009-ի 3.5 տոկոս աճի համեմատ: Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Կովկասի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ «Տարածաշրջանային քաղաքականության զարգացման հեռանկարները» զեկույցում: Զեկույցի համաձայն, շատ երկրների կառավարությունների կողմից ընդունված բյուջետային խթանման միջոցներն օգնել են խթանել վերելքը համաշխարհային ճգնաժամից հետո: Զեկույցում նշվում է նաև, որ տարածաշրջանը շահել է նաև Ռուսաստանի տնտեսության աշխուժացումից` գլխավորապես առևտրի և դրամային փոխանցումների մեխանիզմների հաշվին, ինչպես նաև նավթի և գազի գների բարձրացման հաշվին:
Նավթ և գազ ներկրող երկրների շարքում Հայաստանը և Վրաստանը, կանխատեսման համաձայն, 2010-ին կունենան համապատասխանաբար 4 տոկոս և 5.5 տոկոս զարգացման աճ, իսկ 2011-ին` 4.6 և 4 տոկոս: «Մասամբ ռուսական տնտեսության վերելքի շնորհիվ բոլոր երկրներում 2011-ին կանխատեսվում է 4-5 տոկոս աճի տեմպ»,- ասվում է զեկույցում:
Բացի դրանից, ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս տարածաշրջանի երկրներին օգտվել ընթացիկ վերելքից` ճգնաժամից առաջ ընդունած քաղաքականության միջոցներից հրաժարվելու համար: Միաժամանակ, Հայաստանում և Վրաստանում պահպանվում է ընթացիկ գործողությունների հաշիվների դեֆիցիտը: Ուղիղ ներդրումների հոսքը երկրների մեծամասնությունում դեռ չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակին, իսկ արտաքին պարտքի մակարդակը շարունակում է աճել: Ելնելով դրանից` հետագայում ղեկավար մարմինները պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն ընթացիկ գործողությունների հաշիվների դեֆիցիտի աճը զսպելու համար, որպեսզի նպաստեն արտաքին տնտեսական կայունության պահպանմանը: