Ռուսաստանի դաշնության խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական միջկառավարական պայմանագիրը ՌԴ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրած պետվարկի դիմաց Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող գույքը փոխանցելու մասին: Հատկանշական է, որ սենատորներից ոչ մեկը չի քվեարկել պայմանագրի վավերացման դեմ: Հիշեցնենք, որ պայմանագիրը պարտքի դիմաց Հայաստանի կողմից գույքի Ռուսաստանին փոխանցման մասին, որի արժեքը կազմում է 93 միլիոն դոլար, ստորագրվել է 2002 թվականի հուլիսին: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի սեփականություն են դառնում «Մարս» ՓԲԸ, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ»-ի, «Երեւանի կառավարման ավտոմատ համակարգերի ԳՀԻ»-ի, «Նյութաբանության գիտա-հետազոտական եւ արդյունաբերական ձեռնարկության», ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրի բաժնետոմսերը: Ինչպես օրերս հայտարարել է տնտեսական համագործակցության ռուս-հայկական հանձնաժողվի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, պայմանագրի իրականացման դեպքում Ռուսաստանը կդառնա Հայաստանի ենթակառուցվածքների կարեւորագույն մասի` նրա ամբողջ էլեկտրաէներգետիկայի սեփականատերը, ինչը հաստատում է Ռուսաստանի հզոր տնտեսական ազդեցությունը Հայաստանի տարածքում: