ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Գյումրի ու Վանաձոր` տեղում ծանոթանալու երկաթուղային համակարգում կատարված ներդրումներին եւ ընթացիկ աշխատանքներին:
Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, Մ.Վարդանյանը նախարարության, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության պատասխանատուների եւ ընկերության գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինի ուղղեկցությամբ մինչեւ Գյումրի հասնելը կանգ է առել Մասիս եւ Դալարիկ կայարաններում եւ ծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքներին, այնուհետեւ եղել է Գյուրիի եւ Վանաձորի կայարաններում:
Մ.Վարդանյանը ծանոթացել է նաեւ Զամանլու կիրճի 2 կողմերը միացնող երկաթուղային կամրջի հարեւանությամբ կառուցվող նոր կամրջի շինարարական աշխատանքներին:
Այցելության վերջում նախարար Մ.Վարդանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին եւ մասնավորապես նշել, որ կոնցեսիոների կողմից այս տարի կատարված աշխատանքը տեսանելի է: Բացի այդ, արդեն որոշվել են 2011թ.-ի աշխատանքների ուղղությունները, ուսումնասիրվել են Դիլիջան, Իջևան, Սևան հատվածները, եւ թե ինչ ֆինանսական միջոցներ են պետք աշխատանքների կատարման համար: Նախարարը լրագրողների խնդրանքով անդրադառձել է նաեւ Սանահինի դեպոյի խնդրին եւ նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի տնօրենը պաշտոնապես վստահեցրել է, որ որեւէ աշխատող աշխատանքը չի կորցնելու: