AM
17 November 2010 - 07:39 AMT

ԱՄԲ զեկույց. Սոցիալական ապահովումը շատ երկրների բնակչության համար դեռևս անհասանելի է

Սոցիալական ապահովման համակարգը կարևորագույն դեր կատարեց ներկայիս և նախորդ տնտեսական ճգնաժամերի հետևանքների մեղմացման գործում, սակայն աշխարհի մարդկանց մեծ մասը, հատկապես եկամուտների ցածր մակարդակով երկրներում նախկինի պես զուրկ են սոցիալական ապահովման անգամ նվազագույն միջոցներից, ասվում է Աշխատանքի միջազգային բյուրոյի (ԱՄԲ) նոր զեկույցում:

«Սոցիալական ապահովումն աշխարհում 2010-2011թթ.` ապահովել ընդգրկումը ճգնաժամից առաջ և հետո» զեկույցն առաջին զեկույցն է, որը ծրագրվում է երկու տարին մեկ համալրել նոր զեկույցներով: Զեկույցում դիտարկվում են սոցիալական ապահովմամբ այնպիսի ոլորտների ներգրավման խնդիրները, ինչպիսիք են առողջապահությունը, կենսաթոշակային ապահովումը, սոցիալական օգնությունն ու գործազրկության նպաստները: Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ աշխարհում աշխատունակ տարիքի մարդկանց մեծ մասն ու նրանց ընտանիքի անդամները պատշաճ մուտք չունեն սոցիալական ապահովման համակողմանի համակարգերին:

Միևնույն ժամանակ ԱՄԲ փորձագետները նախազգուշացնում են. բյուջեի կանոնավորման արդյունքում, որն անցկացվում է դեֆիցիտի և պետական պարտքի կրճատման նպատակով, տեղի է ունենում սոցիալական ապահովման համակարգերի կրճատում, որը «կարող է ուղղակիորեն բացասաբար անդրադառնալ այդ նպաստները ստացողների, ինչպես նաև զգալի թվով բնակչության կենսամակարդակի վրա: Նման միջոցը կանդրադառնա ամբողջական պահանջարկի վրա, ինչն արդյունքում կդանդաղեցնի կամ զգալիորեն կհետաձգի տնտեսության լիարժեք վերականգնումը»:

Սոցիալական ապահովման համար միջինը համաշխարհային ՀՆԱ 17,2%-ն է հատկացվում, սակայն այդ միջոցները կենտրոնացված են եկամուտների բարձր մակարդակով երկրներում: