AM
30 Նոյեմբեր 2010 - 06:54 AMT

Ուլի Վեգներ. Աբրահամի ելույթը խայտառակ էր, նա իրեն վախկոտի նման պահեց

Ուլի Վեգները վրդովված է իր սան, միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի ելույթով, որը պարտություն է կրել գերմիջին քաշային կարգում WBC չեմպիոնի տիտղոսի համար բրիտանացի Կարլ Ֆրոչի դեմ մենամարտում, որն ընթանում էր «Super Six World Boxing Classic» մրցաշարի խմբային փուլի երրորդ շրջանի շրջանակներում:

«Դու քեզ վախկոտի նման ես պահում»,- ասել է Վեգներն Աբրահամին ռաունդների միջև ընդիմիջումների ժամանակ:

Ավելի ուշ Վեգները հայտարարել է. «Նա արժանապատվություն և կամք չունի, եթե թույլ է տալիս ինչ-որ մեկին ծեծել իրեն: Դա խայտառակ ելույթ էր: Նա իրեն վախկոտի նման պահեց»,-Վեգների խոսքերը հաղորդում է box-club.ru-ն:

Աշխարհի նախկին չեմպիոն Գրացիանո Ռոքիջանին նույնպես արտահայտվել է Աբրահամի վերջին մենամարտի առիթով. «Նա պետք է մոռանա «Ferrari»-ի և մնացածի մասին և կենտրոնանա մարզումների վրա»:

«Ռոքին լիովին ճիշտ է: Ողջ թիմը նախազգուշացրել էր Աբրահամին, որ նա խելքի գա»,-ասել է Վեգները:

Սակայն, Աբրահամը չի համաձայնել մարզչի հայտարարության հետ այն մասին, որ իրեն վախկոտի նման է պահել: «Պարզապես ես չկարողացա գտնել Ֆրոչին հաղթելու բանալին: Այս քաշային կարգում մրցակիցները շատ խոշոր են, ուստի ես ստիպված եմ լինում մենամարտել ինձանից խոշոր տղաների հետ»:

Աբրահամը նշել է, որ մտածում է միջին քաշային կարգ վերադառնալու մասին, սակայն հավելել, որ այս փուլում չի պատրաստվում դուրս գալ մրցաշարից և մտադիր է հանդիպել WBA վարկածով չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդի հետ և նշել, որ Վեգները նախկինի նման լինելու է իր մարզիչը: