AM
6 Դեկտեմբեր 2010 - 09:18 AMT

Իր տնտեսության վերականգնման ճանապարհին ՌԴ-ն ընտրել է Հայաստանը որպես բացառիկ ուղղություն մի շարք ոլորտներում

Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններն ամուր են և կայուն և հիմնված են ոչ միայն այն քաղաքական երկխոսության վրա, որը վարում են երկու պետությունների նախագահները, այլ նաև երկու ժողովրդների ջերմ մարդկային հարաբերությունների վրա, դեկտեմբերի 6-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը Երևանում ընթացող շփումների ու ներդրումների գործարար համաժողովում:

Ըստ նրա, 2009թ. դյուրին չէր ՌԴ տնտեսության ու արտաքին առևտրի համար, սակայն երկիրը մտադիր է վերականգնել 2008թ. մինչճգնաժամային ցուցանիշները: «Ճգնաժամը դեռ չի ավարտվել: Մենք աճ ենք ապահավել, սակայն դա դեռևս վերականգնողական բնույթ է կրում: Տնտեսական աճը կազմել է 4 տոկոս, իսկ բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների համար «կանաչ լույս» է վառվել: Մեզ կհաջողվի դուրս գալ մինչճգնաժամային մակարդակի 2012թ. ոչ շուտ»,-ասել է նա:

Ըստ Պետրովի, դրան կարող է նպաստել ինովացիոն զարգացման նոր մակարդակը և ՌԴ մարզերի արդյունաբերական ներուժի օգտագործումը, ինչը կարող է հետաքրքրել նաև Հայաստանին: Նա հավելեց նաև, որ իր տնտեսության վերականգնման ճանապարհին ՌԴ-ն ընտրել է Հայաստանը որպես բացառիկ ուղղություն մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, միջուկային տեխնոլոգիաների կիրառումը խաղաղ նպատակներով, բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը: Ավելին, որոշակի հեռանկարներ է Ռուսաստանը տեսնում նաև Մաքսային միության և միասնական սակագների սահմանման ոլորտում, ինչը թույլ կտա ընդլայնել համագործակցությունն ԱՊՀ այլ երկրների հետ: