«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` ավտոերթ անցկացնելու համար` ի նշան ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներդրման դեմ բողոքի: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Մենք կփորձենք բողոքի ցույցի ընթացքում այնպիսի միջոցներ կիրառել, որոնք կառավարությանը թույլ կտան գիտակցել խնդրի առկայությունը, այսինքն` ԱՊՊԱ-ի ներդրման հապշտապությունն ու Հայաստանի բնակչության ֆինանսական ծանրաբեռնվածության առավել մեծացումը»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով, ԱՊՊԱ-ի մասին օրենքը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը և պետք է չեղյալ հայտարարվի. «Բոլոր պարտադիր վճարումները պարտադիր կարգով պետք է փոխանցվեն բյուջե, ԱՊՊԱ-ի դեպքում ֆինանսական միջոցներն ուղղվում են մասնավոր գրպաններ»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանն իր հերթին ասաց, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին օրենքը թերի է մշակված, ինչպես ՀՀ շատ այլ օրենքներ: Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունը շտապել է այդ հարցում` մինչև վերջ գլուխ չհանելով օրենքի կիրառման մեթոդներից:






