AM
17 Դեկտեմբեր 2010 - 08:20 AMT

«Դինամոյի» մարզիչը «Հատիսի» hետ խաղն անվանել է կոշտ պայքար

Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց ակումբը պարտությամբ սկսեց 2010-2011թթ. Եվրագավաթի 1/16 եզրափակիչը: Վարդան Խաչատրյանի սաները 57:62 հաշվով զիջեցին «Դինամոյին»:

«Դինամոյի» մարզիչ Սերգեյ Շչեպոտկինը խաղից հետո նշել է, որ խաղը շատ լարված էր և կոշտ: «Ռուսաստանում և Եվրոպայում այլ կերպ են դատում, ստիպված եղանք հարմարվել խաղի նման ոճին: Չեմ կարող ասել, որ մրցավարներն ինչ-որ մեկի կողմից էին, բայց խաղը որոշ պահերի նման էր մարտի: Խաղից առաջ մենք տեսել էինք «Հատիսի» խաղը և ճանաչում էինք ողջ մեկնարկային հնգյակին»,- ասել է Շչեպոտկինը:

Մոսկվայի «Դինամոյի» մարզիչի խոսքերով, «Հատիսը» փորձեց ցույց տալ իր լավագույն խաղը: Նրա կարծիքով, իր ոչ բոլոր սաները լավ խաղացին: Շչեպոտկինը նշել է, որ կիսաեզրափակիչ հասնելն իր թիմի համար լավ արդյունք կլինի:

Նա հավելել է, որ «Դինամոյի» կազմում խաղում են հիմնականում ռուս բասկետբոլիստներ, և այս տարի նրանցից երկուսը խաղացել են Ռուսաստանի հավաքականում, իսկ երեքը համարվում են հավաքականում հանդես գալու թեկնածու: