Հայաստանի կառավարությունում կադրային վերադասավորումները երկրի տնտեսության մեջ ոչինչ չեն փոխի, եթե չփոխվի զարգացման ծրագրերի գաղափարախոսությունը: Այդ մասին ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին նշանակելու մասին տեղեկատվությունը:
«Ցավոք սրտի, Հայաստանի կառավարման համակարգում շարունակում է իշխել բանկային համակարգի ոգին, ընդ որում, կյանքն ապացուցել է, որ դա լավ բանի չի հանգեցնում: Բանկի կառավարիչի գործունեությունն ուղղված է համակարգի համար առավելագույն շահույթ ապահովելուն այն ժամանակ, երբ տնտեսագետի նպատակն է առավելագույն շահույթ ապահովել տնտեսության համար»,- ասել է նա:
Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին նա ասել է, որ նա շատ լավ մենեջեր է, որպիսիք քիչ են Հայաստանում, բայց քաղաքական գործիչ չէ: «Որպես մենեջեր նա շատ լավ մասնագետ է, և նման պրոֆեսիոնալներն ավելի շատ պետք են երկրի տնտեսությանը»,- ասել է Մինասյանը:






