AM
21 Դեկտեմբեր 2010 - 11:29 AMT

Հայաստանում ուրանի հանքավայրերի հետազոտական աշխատանքների արդյունքները պատրաստ կլինեն 2011-ի վերջին

«Տարբեր մարդկանց կողմից հնչում են տարբեր հայտարարություններ, բայց կրկին անգամ ասում եմ, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված ուրանի պաշարներ չկան»,- լրագրողներին դեկտեմբերի 21-ին մամլո ասուլիսում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, այսօր տարվում են հետազոտական աշխատանքներ հասկանալու համար, թե կան արդյոք երկրում նման պաշարներ և ինչ քանակությամբ:

Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյունավետ կլինի արդյոք այդ հանքավայրերը շահագործել տնտեսական տեսանկյունից: Դրա հետ կապված` նա հավելել է, որ անհրաժեշտ է պարզել տեխնոլոգիան, որը թույլ կտա նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ուրանի արդյունահանման գործընթացը: «Եթե նման տեխնոլոգիաներ լինեն ուրանի հումքի այդ տեսակի համար, ապա, բնականաբար, պետությունը կգնա դրան, հակառակ դեպքում, ինչ արդյունահանման մասին է խոսքը»,- նշել է նա:

Արմեն Մովսիսյանը հաղորդել է, որ այսօր բոլոր աշխատանքներն ուղղված են այդ գնահատականները ստանալուն, որոնց արդյունքները լինելու են 2011-ի վերջին: