AM
24 Հունվար 2011 - 08:46 AMT

ՏՄՊՊՀ-ն ուշադիր հետևում է զարգացումներին ալյուրի շուկայում

Հունվարի 22-ից Հայաստանի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է հացի գնի 10-20 դրամ ավելացում, ընդ որում որոշ խանութներում գինն անփոփոխ է մնացել, քանի որ այդ առաքիչները դեռևս չեն օգտագործել բարձր գնով ձեռք բերված ալյուրը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի խորհրդական Արամ Սահակյանը, հանձնաժողովը արձանագրել է ալյուրի գնաճ՝ 8 դրամ 1 կգ դիմաց, արդեն հունվարի 21-ին այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք իշխող դիրքեր են զբաղեցնում ալյուրի շուկայում՝ «Մանանա Գրեյն» և «Ալեքս Գրիգ» (միասին զբաղեցնում են շուկայի շուրջ 80 տոկոսը): «Նույն ժամանակահատվածի համեմատ դա ցածր գին է, ընդամենը 3 տոկոս»,-ասել է նա:

Ընդ որում ՏՄՊՊՀ-ն հավելել է, որ ալյուրի շուկան պետական կառույցի ուշադրության կենտրոնում է: «Քայլեր կձեռնարկվեն, եթե ըստ օրենսդրության, պարզվի, որ տեղի է ունեցել չհիմնավորված գնաճ»,-ասել է նա: Արամ Սահակյանն ասել է, որ հանձնաժողովը հետևում է գնային քաղաքականության միտումներին ալյուրի շուկայում և պատրաստ է անհապաղ արձագանքել գնաճի կամ նախկին գնին վերադառնալու դեպքում: