AM
31 Հունվար 2011 - 07:08 AMT

Շախմատի Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը ստացավ 1 մլն 200 հազար դրամ

Ավարտվել է շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունը, որը FIDE դասակարգման մեջ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջին անգամ երկրի առաջնությունում բոլոր 12 մասնակիցները գրոսմայստերներ էին:

Հայաստանի չեմպիոն է դարձել 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը: 11 տուրերում նա զիջել է միայն մեկ պարտիայում` պարտվելով 2010-ի Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանին, 4 պարտիաներում միավորները կիսել է մրցակիցների հետ, 6-ում` հաղթանակ տարել:

Երկրորդ տեղում 7 միավորով գտնվում է մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Տեր-Սահակյանը: Երիտասարդ գրոսմայստերը 3 տուրերում հաղթանակ է տարել, մնացած 8 տուրերում խաղացել է ոչ ոքի:

7 միավոր է հավաքել 2010-ի Ռուսաստանի գավաթակիր 21-ամյա Զավեն Անդրիասյանը և զբաղեցրել 3-րդ տեղը: 11 տուրերում նա ոչ մի անգամ չի պարտվել:

4-8-րդ տեղերը զբաղերցել են համապատասխանաբար Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը և Հրանտ Մելքումյանը:

Հաղթողը ստացել է 1 մլն 200 հազար դրամ և ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում: 2-րդ և 3-րդ տեղերը ստացել են համապատասխանաբար 800 հազար և 500 հազար դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները նվաճել են Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունք, 6-8-րդ տեղերը` Աերոֆլոտ օփեն մրցաշարին: