Հայաստանում 2010-ին արձանագրվել է մինչև 6.9 տոկոս գործազրկության մակարդակ 2009-ի 7.1 տոկոսի փոխարեն, փետրվարի 1-ին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքերով, 2010-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների քանակը կազմել է 93 555 մարդ, որոնցից 79 500-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Նա ընդգծել է, որ անցյալ տարի գործակալության կողմից նախատեսված բոլոր ծրագրերը կատարվել են կամ գերակատարվել, մասնավորապես, 71.9 տոկոսով ավել մարդ խորհրդատվություն է ստացել զբաղվածության մարզային կենտրոններում (206 348 մարդ 120 000-ի փոխարեն):
Սոնա Հարությունյանը նշել է, որ զբաղվածության ոլորտում ծրագրերի իրականացման համար 2011-ին Հայաստանի պետբյուջեից հատկացվել է 5.5 մլրդ դրամ, ընդ որում շեշտը դրվելու է զբաղվածության ակտիվ ծրագրերի իրագործման վրա, այլ ոչ թե գործազրկության նպաստ վճարելու:
Նրա խոսքերով, 2011-ին հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդների և հաշմանդամների զբաղվածությանը, մարզերում զբաղվածության հարցերի լուծմանը, շարունակվելու է սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև «աշխատանքի տոնավաճառների» կազմակերպումը:






