Այս օրերին հայ բռնցքամարտիկները գտնվում են Աբովյան քաղաքում, որտեղ անցկացնելու են ուսումնամարզական հավաք: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասել է, որ այդ հավաքն օգնելու է պատրաստվել միջազգային մրցաշարի, որը կայանալու է փետրվարի 15-20-ը Բուլղարիայում:
«Ես դեռ չեմ որոշել, թե ինչ կազմով ենք Բուլղարիա մեկնելու, բայց հիմա Աբովյանում մարզվում են 22 մարզիկներ: Վերջում պարզ կլինեն նրանց անունները, ովքեր կներկայացնեն Հայաստանը Բուլղարիայում»,- ասել է նա:
Այդ մրցաշարից հետո հայ բռնցքամարտիկները սկսելու են երկրորդ հավաքը, որը տեղի է ունենալու մարտի 8-22-ը: Մարտի 22-27-ը նրանք մասնակցելու են Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարի:
«2010-ին մեր ֆեդերացիան Երևանում անցկացրել է միջազգային մրցաշար: Այն ավանդական է և այս տարի տեղի է ունենալու ապրիլի 11-17-ը: Մինչ այդ մենք Աբովյանում անցկացնելու ենք ևս մեկ հավաք»,- նշել է մարզիչը:






