Երիտասարդների շարքում NABF և NABO վարկածների տիտղոսակիր և միջմայրցամաքային գոտու տեր Վանես Մարտիրոսյանը (28-0, 17 KO) մտադիր է մենամարտ անցկացնել երիտասարդների շարքում WBA վարկածով չեմպիոն Օսթին Տրուտի հետ (ԱՄՆ): Այդ գոտին Տրուտը նվաճել է փետրվարի 5-ին` 12 ռաունդներում հաղթանակ տանելով Ռոբերտո Ալվարեսի նկատմամբ (Մեքսիկա):
Մարտիրոսյանը և Տրուտը սիրողական ռինգում հանդիպել են 3 անգամ, և բոլոր մենամարտերում հաղթանակ է տարել հայ բռնցքամարտիկը:
«Օսթին, ես ուրախ եմ քեզ համար և շնորհավորում եմ հաղթանակի համար: Մենք ընկերներ ենք, բայց բռնցքամարտը բիզնես է, և ես կարող եմ հերթական անգամ հաղթել քեզ, եթե դու ինձ հեշտ մրցակից ես համարում, ապա դա քեզ ցույց տալու շանս է: Արի հանդիպենք ռինգում, և ես կվերցնեմ քո գոտին: Հուսով եմ, որ մեր փրոմոութերները համաձայնության կհանգեն»,- Մարտիրոսյանի խոսքերը հաղորդում է philboxing.com-ը:
Իր հաջորդ մենամարտը Մարտիրոսյանն անցկացնելու է մարտի 19-ին, բայց հակառակորդը դեռ որոշված չէ:






