«Կարծում եմ` մեր ըմբշամարտիկները Մուրսկա Սոբոտա քաղաքում կայացած Գրան Պրիում լավ ելույթ ունեցան, քանի որ Հայաստանի հավաքականի չորս հիմնական անդամները մեդալներ են նվաճել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Ռոման Ամոյանը (55կգ ք/կ) առաջին տեղն է զբաղեցրել, ինչպես նաև ճանաչվել է որպես առաջնության լավագույն ըմբշամարտիկ: Ոսկե մեդալ է նվաճել նաև Արթուր Շահինյանը (84կգ ք/կ):
«Ամեյանը Հայաստանի փորձառու մարզիկներից մեկն է և այս առաջնությունում նա ցույց տվեց իր լավագույն արդյունքը: Վահան Ջուհարյանը, որը բրոնզե մեդալ է նվաճել, առաջին անգամ էր ելույթ ունենում 66կգ քաշային կարգում և վատ արդյունք ցույց չի տվել»,- ընդգծել է Ջուլֆալակյանը:
Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ) նույնպես իր քաշային կարգում երրորդն էր: Գլխավոր մարզչի խոսքով, եզրափակիչ դուրս գալու համար անցկացված մենամարտում մրցավարները չհաշվեցին Ջուլֆալակյանի հնարքը, ուստիև նա դուրս չեկավ եզրափակիչ: Չնայած դրան, հավաքականի մարզիչը գոհ է ըմբշամարտիկի ելույթից:
«Կարևորը, որ նման մրցավարական սխալներ չլինեն Եվրոպայի առաջնությունում: Արդեն փետրվարի 27-ից մենք հաջորդ հավաքը կմեկնարկենք Երևանում` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Այնտեղ մենք հանդես կգանք հիմնական կազմով և կփորձենք որքան հնարավոր է շատ մեդալներ նվաճել»,- ավելացրել է Ջուլֆալակյանը:
Եվրոպայի առաջնությունը կկայանա Դորտմունդում (Գերմանիա) մարտի 29-ից ապրիլի 3-ը:






